Գարեգին Բ-ն գործում է ապօրինի կանոնադրությամբ․ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները անօրինական են․ բացառիկ հարցազրույց Տիրան սրբազանի հետ

 

«Անշուշտ կան քաղաքական հոսանքներ, որոնք վերջին 30 տարիներին հուզում են ամբողջ ժողովրդին, մանավանդ վերջին 6 տարիներին։ Եվ այս տարիների ընթացքին իր մասնակցությունը բերեց՝ գլխավորությամբ Գարեգին Ներսիսյանի քաղաքական կյանքի մեջ մտնելը։ Երբ խոսքը այսօր գնում է Գարեգին 2-րդի և Բագրատ սրբազանի մասին, անշուշտ մտահոգիչ է, որովհետև նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ անձինք, որոնք ուխտել են ծառայելու ժողովրդին, Աստծուն և եկեղեցուն, և հանկարծ նրանք ինչ-ինչ պատճառներով ասպարեզ են դուրս եկել և պայքարի մեջ են մտել»,- ասաց Տիրան սրբազանը։


Նա նշեց, որ վերջին երկու դեպքերը, որոնք տեղի ունեցան, մեկը՝ Սարդարապատում, և  մյուսը՝ վերջին բախումները Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, որը հրահրեց ժողովրդին, այդ բոլորը մտահոգիչ է իրենց համար, որովհետև Հայաստանյայց Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ողնուղեղն է, որը միասնաբար կարողանում է պայքարել արտաքին բոլոր դժվարությունների և թշնամիների դեմ, ինչն ապացուցվել է ամբողջ պատմության ընթացքում։


«Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին, հարիր չէ հայ հոգևորականին, մանավանդ նրանց արտահայտությունները, որոնք մտահոգիչ են։ Ինչպե՞ս կարող է բարձրաստիճան հոգևորականը ապրիլի 23-ին անեծքներ թափել հայ պետական այրերի հասցեին։ Եթե նույնիսկ նրանք ինչ-որ տեղ ճիշտ չեն կամ սխալ են գործել, ապա հոգևորականն իր իսկ կոչումով պետք է ներողամիտ լինի և խաղաղություն ու սեր քարոզի, ոչ թե լուտանքներ և անեծքներ։ Նույնը արեց և Բագրատը։ Ես ցավ եմ զգում, որ նա այդ բոլորն անում է սքեմի և խաչի հետ միասին։ Եթե նա կամ Գարեգին 2-րդն ուզում են քաղաքական գործիչ դառնալ, ապա պետք է հեռանան եկեղեցական ծառայությունից, և իբրև ՀՀ քաղաքացի՝ իրենց իրավունքն է կեցվածք ցույց տալը։ Այս պարագայում նրանք հարված են հասցնում հայ եկեղեցու հեղինակությանը։ Ցավոք սրտի»,- ասաց արքեպիսկոպոս Կյուրեղյանը։


Նա նշեց, որ ուշի-ուշով հետևում և լսում են Բագրատ Գալստանյանի բոլոր հայտարարությունները՝ առաջին իսկ օրից, և ամեն ինչ կատարվում է Գարեգին 2-րդ կաթողիկոսի գիտությամբ և օրհնությամբ։  


Տիրան սրբազանի խոսքով՝ եթե մի հոգևորական դուրս է գալիս հոգևորական լինելու կարգավիճակից և թույլ է տալիս իրեն ոչ հարիր արտահայտություններ, պետք է որ կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհուրդը որոշում ընդունեն և նրան հեռացնեն ու պատժեն, իսկ երբ չեն պատժում, այլ հակառակը՝ թիկունք են կանգնում, նշանակում է՝ ամեն ինչ Գարեգին 2-րդի հրամանով է կատարվում։ 


Խոսելով նաև այն մասին, որ նախկինում Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ցուցարարներին ծեծելու, նույնիսկ սպանելու բազմաթիվ դեպքեր են եղել, սակայն կաթողիկոսը  որևէ ձևով չի արձագանքել այդ ամենին, իսկ  հիմա մեծ ակտիվություն է ցուցաբերում, Տիրան սրբազանն ասաց. «Հայտարարություն են անում, թե արդյոք կարելի՞ է կաթողիկոսի ճանապարհը ոստիկանները փակեն. խոսքը գնում է Սարդարապատի մասին։ Ես այստեղ կուզեմ որոշ փակագծեր բացել, և այդ ժամանակ կարող ենք իմանալ, թե արդյոք նա Ամենայն Հայոց կաթողիկո՞ս է, թե՞ ոչ։ Նա ապօրինի եկավ բազմեց այդ գահին, սակայն նրա կատարած ապօրինի գործունեությունը հակականոնական է, որն ամբողջությամբ խախտել է մեր եկեղեցու էությունն ու գործունեությունը։ Այս անձնավորությունն առաջին իսկ օրից խախտել է բոլոր կանոնները։ Ինքնուրույն, երկու ամիս չանցած նա փոխել է ամբողջ Գերագույն հոգևոր խորհուրդը, հետևաբար այդ օրվանից այդ խորհրդի որոշումներն օրինական չեն։ Նա ինքնուրույն իր համար կազմել է մի կանոնադրություն, որը նույնպես ապօրինի է, և դրանով նա գործում է»,- նշեց Տիրան սրբազանը։


Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանի՝ ոստիկաններին ուղղված լուտանքներին և անեծքախառն հայտարարություններին, Տիրան սրբազանն ասաց, որ այսօր կարելի է խոնարհվել Հայաստանի ոստիկանության համբերության առաջ, որ նրանք պահպանում են  կարգուկանոն և պաշտպանում Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ լսելով նրանց լուտանքներն ու անեծքները։ 


«Բագրատ Գալստանյանը նույնիսկ պարսկերեն բառ է օգտագործում՝ ասելով՝ «ձեր կերած հացը հարամ լինի»։ Արդյոք սա հոգևորակա՞ն է։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը զգաստանար, որովհետև ժողովուրդն է  ընտրում իր հոգևորականին, իր սրբազանին և իր կաթողիկոսին։ Այս մարդկանց մեջ դև կա: Եթե Քրիստոսը լիներ, գուցե դիմեինք Քրիստոսին, և Քրիստոսը նրանց, մանավանդ Գարեգինի միջի այդ չար ոգին դուրս հաներ։ Բայց մենք ի վիճակի չենք, պարզապես ժողովուրդը միասնաբար պետք է ոտքի կանգնի և հեռացնի այս սևազգեստ անձանց, որպեսզի հետագայում շատ այլ ավելի վտանգավոր քայլեր չանեն, չվնասեն մեր ինքնիշխան պետությանը և մեր հայ ժողովրդի միասնականությանը։ Նրանք այս քայլերով ցույց են տալիս, որ ծառայում են ինչ-որ ուժերի, ոչ թե մեր եկեղեցուն, ոչ թե հայ ժողովրդին»,- հավելեց արքեպիսկոպոսը։


Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան